Առակներ

3

Տոնելու էր հնդկահավը
Իր փառահեղ տարեդարձը.
Ո՞ւմ, ե՞րբ կանչի՝ այս էր հարցը:
Սովորաբար նման պահին
Սատարում է իր մտերիմ
Ազգականը կարմրակատար:
Աքաղաղը փութով եկավ.
Երկուսն էլ՝ նույն սանրի կտավ:
Հնդկահավը խոսեց այսպես.
– Ես, թերեւս, չեմ հարգի ինձ,
Թե հյուր կանչեմ ցածր խավից:
Առաջնահերթ թող այսօր գան
Բարձրաշխարհիկ անձինք միայն,
Կանչել եմ ես սիրամարգին,

5

Ազնվացեղ հովատակին
Եվ պատվարժան մի քանի այր,
Փասիանին էլ ինքնամեծար:
Դեռ դրսից էլ մենք ունենք հյուր.
Կզաքիսը սպիտակաթույր,
Գորշ սամույրը մեծահամբավ…
Խոսքը կտրեց աքաղաղը.
– Դրացիք մեր թող գան վաղը,
Չի մատուցվի հատուկ ընթրիք,
Կռճոնն էլ է դրանց հերիք:
Հնդկահավի սրտով էր այդ,
Որ «լավ ու վատ» գային զատ-զատ:
Հոբելյարը ցուցադրաբար
Լի քսակը բացեց շռայլ:
Խոյակազարդ դահլիճ շքեղ,
Ժապավեններ, լույսի հեղեղ,

6

Վերերկրային վեհ մեղեդի՝
Շտրաուս, Հայդն ու Վիվալդի,
Որ հասու է բարձր խավին:
Շարան-շարան հյուրերն եկան,
Հովատակը չկար միայն:
Շամպայնը ճիշտ ժամը վեցին
Հանդիսավոր, գը՜մփ, պայթեցրին:
Կենաց ասաց սեգ սամույրը,
Հոբելյարին, որպես նվեր,
Բերել էր իր ջերմ համբույրը:
Աքաղաղը բացեց տոնը,
Եվ սկսվեց կերուխումը։
Կզաքիսը գլուխը կախ,
Չնայելով էլ աջ ու ձախ,
Կռթկռթոցով, խռթխռթոցով
Համտեսում էր, ինչ տեսնում էր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *