ԲՈՒՆ ԵՎ ԱՐԱԳԻԼԸ

Ամեն օրվա մութն ընկնելիս՝
Բուն չղջիկին հյուր էր գալիս:
Փնթփնթանը այդ չարամիտ
Որոնում էր պատեհ առիթ՝
Ընկերոջ հետ իր բախտակից
Բամբասելու դեսից-դենից…
Սիրած թեման միայն մեկն էր՝
Արագիլին դատափետել։
– Ախր ո՞վ է էդ լողլողը,
Լճակի շուրջ ցատկոտողը,
Երկարավիզ, անբարետես,
Որ վերեւից է նայում մեզ…
Մայրամուտին քուն է մտնում,
Լուսաբացին՝ գորտեր փնտրում,
Ամեն բանում՝ մեզ հակառակ.
Դե, մի խոսքով՝ չտես, անհագ:
Որդ ու ճիճու ուտողի՜ս տես,
Որ բանի տեղ չի դնում մեզ…
Պա՜հ-պա՜հ-պա՜հ-պա՜հ… Բա շորե՜րը,
Սեւ ու ճերմակ փետուրնե՜րը։
Դրա՜ն նայիր, էդ չորկողին,
Օձ ու մողես խժռողին…
Չարախոս բուն բվա՜ց, բվա՜ց,
Չդադարեց մինչ լուսաբաց։
Տուն դառնալիս բամբասկոտը
Բախվեց քարին, կոտրեց ոտքը:
Խարխափելով ճահիճն ընկավ.
Դե, չի տեսնում լույսով բնավ։

Վայեց, կանչեց նա սրտաբեկ.
– Կործանվո՜ւմ եմ, վա՜յ, ինձ փրկե՜ք…
Կռնչյունը աշխարհն առավ…
Չղջիկն իսկույն հեռու թռել
Հազիվհազ մի ծերպ էր գտել,
Սողոսկելով մեջը մտել,
Իբր ոչինչ չի իմացել…
Էլ չխոսեմ երկար-բարակ,
Արագիլը հասավ արագ,
Կափկափելով գործի գցեց
Երկար վիզը, կտուցը մեծ,
Բուին ճահճից մի կերպ հանեց՝
Վնասելով զույգ մագիլը։
Այո՛, հենց օձ ու գորտ ուտող
Իր աչքի փուշ Արագիլը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *