Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ² տարածք (138-րդն աշխարհում) և ունի 2 930 450 մարդ բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն[17]։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է[18]։
Հայաստանն ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 թվականի նոյեմբերի 27-ի[19] ու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի[20] համապետական հանրաքվեների արդյունքում։
«Հայաստան» անվան առաջացման վերաբերյալ տարբեր ժամանակներում տարածված են եղել տարբեր վարկածներ։ Ըստ հայկական ավանդույթի՝ հայոց անվանադիր նախնին Հայկն է, որի անունով էլ սերունդները հետագայում կոչվել են հայկազունք, հայք, հայեր, իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ։ Միջնադարում «Հայ» արմատին ավելացավ իրանական «-ստան»՝ «տեղանք» նշանակող վերջածանցը, որի արդյունքում երկրի անունը դարձավ «Հայաստան»։ «Հայաստան» եզրույթը առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում՝ Ագաթանգեողի[31][32], Փավստոս Բուզանդի[33][34], Ղազար Փարպեցու[35],Կորյունի[36] և Սեբեոսի[37] աշխատություններում։
Ըստ մեկ այլ վարկածի՝ հայերի ինքնանվանումն առաջացել է Հայասա պետության անվանումից[39][40]։ Հին պարսկական «Արմինա» անվանումը (𐎠𐎼𐎷𐎡𐎴) հիշատակվում է մ.թ.ա. 523-521 թվականների Բեհիսթունյան արձանագրությունում, որն առաջացել է մեկ այլ հայկական ցեղի՝ Արմե ցեղի (Արմե-Շուպրիա) անվանումից[41]։ Ժամանակի ընթացքում հունական արտասանության ձևով պայմանավորված «Արմինա» տեղանունը փոխարկվել է «Արմենիա»-ի։ Հին հունարեն «Ἀρμενία» կամ «Ἀρμένιος» եզրույթները առաջին անգամ կիրառվել են մ.թ․ա․ 6-5-րդ դարերի պատմիչ Հեկատեոս Միլեթացու աշխատությունում[42], իսկ արդեն մ․թ․ա․ 401 թվականի շրջակայքում Քսենոփոնը նկարագրել է հայ գյուղական կյանքի և հյուրընկալության վերաբերյալ մի շարք դրվագներ[43]։
Հայ ժողովուրդը կազմավորվել և իր պատմական ուղին անցել է Հայկական լեռնաշխարհում։ Դա հնագույն մարդու նախնական բնակեցման տարածքներից է, որը հարուստ է նախնադարի բոլոր փուլերին վերաբերող պատմահնագիտական հուշարձաններով։
Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին պալեոլիթը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 000 տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայաններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Դրանցից հայտնի է Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը, որի տարիքը մոտ 1, 8 միլիոն տարի է։ Այն Հարավարևմտյան Ասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում նաև Ազոխի քարայրնԱրցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Միջին պալեոլիթի ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։ Վերին պալեոլիթն ընդգրկում է մոտ 40000–14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան, հարավային և հարավարևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր։
Միջին քարի դարի հուշարձանների թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։
Նոր քարի դարի ընթացքում՝ մ. թ. ա. 8 հազարամյակի վերջերից, արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ. թ. ա. X հազարամյակից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»։ Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կապված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։ Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։
Մ. թ. ա. V հազարամյակի կեսերին և IV հազարամյակի ընթացքում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխել են պղնձի-քարի դար (էնեոլիթ), որին հաջորդում է բրոնզի դարը (մ. թ. ա. III–II հազարամյակներ)։ Լեռնաշխարհը ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Տարածում է գտնում Կուր-Արաքսյան մշակույթը. հայտնի է Շենգավիթյան մշակութային համալիրըԵրևանի հարավարևմտյան մասում։ Մ.թ.ա. III հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեղք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում մ.թ.ա. II հազարամյակի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջին բրոնզիդարյան մշակույթը։
Մ. թ. ա. XVI դարի վերջից մ. թ. ա. XIII դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը։ Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։
Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ. թ. ա. II հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը՝ Սյունիք, Մուշ, Խնուս և այլն, Առաջավոր Ասիայում դարձավ հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավեց։